Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը. Բացօթյա կինոդիտումներ, վարպետության դասեր, համերգներ

Մեկնարկում է «Ֆրեսկո» միջազգային փառատոնը. Բացօթյա կինոդիտումներ, վարպետության դասեր, համերգներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ից 29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

«Ֆրեսկո»-ի շնորհիվ հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակը հագեցած կլինի մշակութային տարաբնույթ միջոցառումներով` բացօթյա կինոդիտում-քննարկումներ, վարպետության դասեր, համերգներ, ցուցահանդեսներ:

«Ֆրեսկո»-ն այս տարի սկսվում է մարզային ծրագրով: Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներով «Ֆրեսկո»-ի կինոճամբարն այդ օրերին կմիանա այս տարի առաջին անգամ իրականացվող «Հաղարծնի օրեր» խորագրով միջոցառմանը:

Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: Հաճելի անակնկալ ունեն հատկապես լուսանկարչության սիրահարները: «Ֆրեսկո»-ի շրջանակում նախատեսվում են 2 մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը:

Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, ոորոնցից 4-ը` հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

Օգոստոսի 26-ին և 27-ին Կարապի լճում կանցկացվեն բացօթյա կինոդիտում-քննարկումներ, որոնցից առաջ կազմակերպիչներն առաջարկում են 3 օր շարունակ վայելել կենդանի համերգային ծրագիր: Օգոստոսի 26-ին նախատեսված է «Մրոն և ընկերները» խորագրով ազգագրական համերգը, 27-ին Կարապի լճի բացօթյա բեմում «Ալեքսանդրապոլ oրչեստրա» խումբն է, իսկ արդեն օգոստոսի 28-ին կանցկացվի փառատոնի պաշտոնական փակումն ազդարարող միջոցառումը:

Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը փառատոնի բոլոր փուլերին, իսկ փառատոնի մրցանակները, ավանդույթի համաձայն պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն իրականացվում է «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա Փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնի գլխավոր աջակիցը Veolia Group Երեւան Ջուր ընկերությունն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---