Օգոստոսի 21-ին Բերդում կանցկացվի Մեղրի և հատապտուղների փառատոն

Օգոստոսի 21-ին Բերդում կանցկացվի Մեղրի և հատապտուղների փառատոն

PanARMENIAN.Net - Մեղրի և հատապտուղների 5-րդ ամենամյա փառատոնը տեղի կունենա Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 21-ին: Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի պետական ջազային նվագախմբի և Նարեկացի նվագախմբի բարեգործական համերգները։

Մեղրի և հատապտուղների փառատոնը տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։ Բերդ քաղաքը՝ շրջակա 16 գյուղերի հետ, հանդիսանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը և ունի 185 կմ սահման Ադրբեջանի հետ։

Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի և Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է` նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։

Փառատոնը կազմակերպվում է Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---