Հոկտեմբերին Նյու Յորքում կանցկացվի ՀՀ տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված համաժողով

Հոկտեմբերին Նյու Յորքում կանցկացվի ՀՀ տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված համաժողով

PanARMENIAN.Net - Նյու Յորքում հոկտեմբերի 10-11 կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորումը, հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:

«Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է և մենք դեռևս չունենք ներդրողների ցուցակ», - նշել է Մկրտիչեանը:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ և դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», - նշել է Կարեն Մկրտիչեանը:

Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Կարեն Մկրտիչեանի խոսքով, չնայած շրջափակմանը և կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել.

«Հայաստանը եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետև կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»:

Միևնույն ժամանակ, Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին.

«Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է և այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»:

Եվրամիության շուկան, որը կբացվեր Հայաստանի առջև ԵՄ տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման դեպքում, գերազանցում է Եվրասիական տնտեսական միությանը 10 անգամ, թե՛ տնտեսական ներուժով և թե՛քաղաքացիների գնողունակությամբ:

2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---