Փաստաբանը զգալի առաջընթաց է տեսնում Պավել Մանուկյանի ապաքինման հարցում

Փաստաբանը զգալի առաջընթաց է տեսնում Պավել Մանուկյանի ապաքինման  հարցում

PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը օգոստոսի 26-ին իր հիվանդասենյակում կարողացել է քայլել հենակների օգնությամբ: Այդ մասին տեղեկացրել է Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Բժիշկները ասում են, որ պետք է շարժվել, և նա սովորական, ինքն իր քայլերով սկսեց քայլել հենակների օգնությամբ: Աջ ոտքը չի կարողանում շարժել: Բայց մի բան ասեմ՝ ոտքի կարճությունը հիմա օգնում է իրեն, հարկ չի լինում ծալել ոտքը», -ասել է Բաղդասարյանը:

Պավել Մանուկյանի ոտքի կարճությունը, ըստ փաստաբանի, 3-4 սմ է, գետնին չի հպվում:

Նրա խոսքով, ինքը տեսնում է զգալի առաջընթաց Պավել Մանուկյանի կազդուրման հարցում. «Ես տեսնում եմ, որ Պավել Մանուկյանի առողջացման պրոցեսը ռեալ իրականանում է: Տեղաշարժվելը նրա համար հոգեբանական խնդիր է նաև, անկողնուն գամված մնալը ծանր ազդեցություն կարող է թողնել նրա վրա: Հիվանդանոցի հերթապահները չկան հիմա և ենթադրենք՝ մարդը ցանկանում է մի բաժակ ջուր խմել, դա արդեն կկարողանա ինքնուրույն անել, իսկ դա արդեն շատ մեծ բան է»:

Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Բաղդասարյանն ասաց, որ Արամը չի կարողանում քայլել, մշտապես պառկած է: «Արամին ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կվիրահատեն», -ասել է փաստաբանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սասնա ծռերին վերաբերող քրեական գործին, Բաղդասարյանն ասել է, որ իրենց պաշտպանյալները ցուցմունք չեն տալիս, չեն ընդունում իրենց մեղքը և որևէ քննչական գործողության չեն մասնակցել:

«Մենք խնդիր ունենք, որ իրենք ապացուցեն, որ մեղք ենք գործել», -հավելել է փաստաբանը:

Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---