Մկրտչյան. Առարկաներից առաջնահերթ պետք է լինեն ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունը

Մկրտչյան. Առարկաներից առաջնահերթ  պետք է լինեն ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը: Աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին, կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը:

Նախարարը խոսել է ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերի մասին:

Ավելի վաղ նախարարն արդեն հայտարարել էր, որ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտին 3 պարտադիր ուսումնական առարկա ընտրելու հնարավորություն կտրվի, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի կներդրվի:

Նա անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայման, ներառական կրթությանն առնչվող հարցերին:«Մեր երկիրը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, որի համար պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություն: Դրա համար պետք է առարկայացանկում ամրագրենք առաջնահերթություններ. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն: Սա անհրաժեշտ է մեզ, որ կարողանանք ունենալ մրցունակ քիմիկոս, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար ինքնուրույն ստեղծել անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել: Առարկայախմբի կարևորումը պետք է բխի երկրի առջև ծառացած խնդիրներից՝ հիմք հանդիսանալով դրանց լուծմանը», - իր խոսքում նշել է կրթության և գիտության նախարարը:

Լևոն Մկրտչյանը կարևորել է նաև ուսուցչի և տնօրենի հեղինակության բարձրացմանը, դպրոցների առջև ծառացած խնդիրներին ինքնուրույն լուծում տալու, համակարգում առկա բյուրոկրատական համակարգի թեթևացմանը վերաբերող հարցերը, հայտնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում: Նա նշել է, որ գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն:

«Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով: Սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել»,-ասել է կրթության նախարարը:

Ընթերցեք նաև. Նախարար. 4-րդ և 9-րդ դասարաններում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---