Աղավնաձորցիները փակել են դպրոցի մուտքը. Պահանջում են վճարել մթերված խաղողի դիմաց

Աղավնաձորցիները փակել են դպրոցի մուտքը. Պահանջում են վճարել մթերված խաղողի դիմաց

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել: Պատճառն այն է, որ արդեն 10 ամիս է՝ գյուղացիները մթերված խաղողի դիմաց գումարը չեն ստանում:

Մինչ այս աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել, փողոցներ փակել, մոտ մեկ ամիս առաջ էլ գյուղ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ հարցը կլուծվի:

Դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանն ասել է, որ միջոցառում էին նախապատրաստել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և պատրաստ են այն իրականացնել, եթե գյուղացիները թույլ տան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սակայն աղավնաձորցիները նշում են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է, և աշակերտներին թույլ չեն տալու դպրոց գնալ, եթե նույնիսկ խնդիրն ամիսներով չլուծվի, երեխաներն էլ ամիսներով դպրոց չեն գնալու:

Աղավնաձորցի աշակերտների մեծ մասը նշում են, որ համաձայն են իրենց ծնողների հետ և չեն պատրաստվում դասերի գալ այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի լուծվել:

Ուսուցիչներից շատերը համաձայն են այս քայլին, սակայն նշում են՝ ամեն դեպքում կրթական գործընթաց է խաթարվում:

Դպրոցի մոտ ոստիկաններ են եկել, ավելի ուշ ժամանեց նաև Վայոց ձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը: Այստեղ է նաև գյուղապետը: Նա նշում է, որ փորձել են այս ամիսների ընթացքում խնդիրը լուծել, նաև մարզպետարանին են տեղյակ պահել, սակայն այդպես էլ լուծում չի եղել:

Խնդիրը հիմնականում «Վեդի Ալկո» ընկերության հետ է կապված, որը տասն ամիս առաջ մթերումներ է կատարել այստեղ: Գյուղապետարանի տվյալներով՝ մոտ 140 միլիոն դրամի մասին է խոսքը: Այլ գործարաններ ևս որոշակի պարտքեր ունեն, բայց հիմնական պարտքը «Վեդի Ալկո»-ինն է:

Գործարանի տնօրենը նշել էր, որ իրենք ստիպված են եղել մթերել խաղողը՝ վարչապետի և գյուղնախարարի հորդորներով, և գումար չունեն վճարելու համար: Նա ասել է, որ իրենք նախապես էլ գյուղացիներին տեղեկացրել էին, որ վճարումը կարող է երկար ժամանակ ձգձգվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---