ՌԴ ՄԻՊ-ը կողմ է արտահայտվել մահացու հիվանդների էվթանազիային (հարցում)

ՌԴ ՄԻՊ-ը կողմ է արտահայտվել մահացու հիվանդների էվթանազիային (հարցում)

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել էվթանազիային, եթե առկա է մահացու հիվանդի հարազատների համաձայնությունը:

«Ինձ թվում է, դա շատ մարդասիրական քայլ է, եթե մարդն ինքը ցանկանում է հեռանալ կյանքից և ապրելու շանս չունի, եթե նա տառապում է, և եթե նրա մերձավորներն ու հարազատները միասնական են այդ տառապանքները դադարեցնելու որոշման հարցում…Ես սա ասում եմ արդեն ոչ որպես լիազոր, այլ որպես մարդ, որպես անհատ ես կողմ եմ այդպիսի իրավունք արտոնելուն»,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը` պատասխանելով ուսանողների հարցին էվթանազիայի օրինականացման մասին, հայտնում է ՌԲԿ-ն:

Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է էվթանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։

Գոյություն ունեն նաև էֆթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էֆտանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանվորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էֆտանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել:

Անբուժելի հիվանդների մահվան բուժաջակցությունն օրինականացված է Նիդերլանդներում, Կանադայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում: ԱՄՆ-ում էվթանազիան օրինականացված է 4 նահանգում: Որոշ երկրներում թույլատրված է պասիվ էվթանազիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---