Թերեզա Մեյը Brexit-ի մասին. Բրիտանացիները պետք է պատրաստ լինեն դժվարությունների

Թերեզա Մեյը Brexit-ի մասին. Բրիտանացիները պետք է պատրաստ լինեն դժվարությունների

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի ծանր ժամանակների` ԵՄ կազմից դուրս գալու (Brexit) պատճառով: Այդ մասին հայտարարել է Թերեզա Մեյը առաջին մեծ հեռուստաելույթում երկրի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո:

«Կարծում եմ, որ հարկավոր է պատրաստ լինել` մեզ ծանր ժամանակներ են սպասում: Սակայն, ես լավատեսորեն եմ տրամադրված»,-ասել է նա BBC-ի եթերում Չինաստան G-20-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:

Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ տնտեսական վնասը Brexit-ից ավելի փոքր էր, քան կանխատեսվում էր, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մեյը հաստատել է իր նախկին դիրքորոշումը, որ կառավարությունը չի նախաձեռնի դուրս գալու գործընթացը 2017-ից շուտ, սակայն, մտադիր չէ նաև հետաձգել դա տևական ժամանակով:

Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածը դեռ ոչ մի անգամ չի կիրառվել: Այս պահին, կառավարությունը հստակ մշակված պլան չունի Brexit-ի իրականացման ուղիների վերաբերյալ:

Նա դեմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեին` կարծիք հայտնելով, որ երկիրը կայունության կարիք ունի: Վարչապետը հավաստիացրել է, որ Շոտլանդիայի կառավարության կարծիքը, որի անդամների մեծամասնությունը դեմ էր եղել Brexit-ին, հաշվի կառնվի ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանավեճի ժամանակ:

Անդրադառնալով միգրացիային` Մեյը նշել է, որ ըստ հանրաքվեի արդյունքների, քաղաքացիները չեն ցանկանում, որ ազատ տեղաշարժը պահպանվի այն տեսքով, որը կար մինչ օրս: Միաժամանակ նա խոստացել է պաշտպանել Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների, և Եվրոպայում ապրող բրիտանացիների կարգավիճակը:

Մեյը հուսով է, որ երկիրը կկարողանա հաջողության հասնել ԵՄ ից դուրս: Վարչապետը հուսով է, որ կտեսնի աշխարհում իր ուղին հարթող անկախ Բրիտանիան:

Մինչդեռ Օբաման Հանչժոուում անցնող G20 գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է այն մոտեցմանը, որը թույլ կտա նվազագույնի հասցնել ծագած խնդիրները:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---