Այսուհետ աշակերտները կարող են հայերենով հանձնել միջազգային քննությունները և ընդունվել Քեմբրիջ և Օքսֆորդ

Այսուհետ աշակերտները կարող են հայերենով հանձնել միջազգային քննությունները և ընդունվել Քեմբրիջ և Օքսֆորդ

PanARMENIAN.Net - «Այբ» հիմնադրամի մշակած և Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում լրամշակված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու կրթական ծրագիրը հավասարազոր է ճանաչվել այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական Քեմբրիջի խորացված մակարդակները (Cambridge A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։

«Այբ» դպրոցում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում նաև ամփոփվել են Արարատյան բակալավրիատի մյուս երկու կարևորագույն ձեռքբերումները՝ ԱԲ-ի ճանաչումը որպես Հայաստանում այլընտրանքային կրթական ծրագիր և ԱԲ-ի առաջին՝ միջազգայնորեն ճանաչելի քննությունների հավաստագրերի հանձնումը։

Ասուլիսին խոսքով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տեր Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Ասուլիսի ընթացքում նշվել է, որ Արարատյան բակալավրիատ (ԱԲ) ծրագրի հավասարազորության ճանաչման ծավալուն ու երկարատև աշխատանքը իրականացրել է աշխարհում հավաստագրման ու ճանաչման ամենահեղինակավոր կառույցներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (ՄԲ ՃՀԱԳ / UK NARIC): Դա նշանակում է, որ այսուհետ Հայաստանը կունենա իր ուրույն տեղը համաշխարհային կրթական քարտեզի վրա, իսկ հայ երեխաները հնարավորություն կունենան իրենց հարազատ դպրոցում մայրենի լեզվով ստանալու մրցունակ կրթություն, որի որակը ճանաչելի է աշխարհի լավագույն բուհերի կողմից:

Խոսելով այն մասին, թե ԱԲ-ի հավասարազորությունը այլ միջազգային կրթական ծրագրերին ինչ է տալիս հայ աշակերտներին՝ ԿԳԱԾ-ի տնօրեն Մեսրոպ քհն. Արամյանը նշել է. «Սա նշանակում է, որ հետայսու հայ աշակերտները կարող են հայերենով հանձնել միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորել այդ համալսարաններում»։

ԱԲ-ի՝ որպես Հայաստանում այլընտրանքային ծրագիր հաստատվելու մասին խոսել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, որը մասնավորապես ասել է. «Մենք այսօր Հայաստանում ունենք այլընտրանքային ծրագիր, որն ունի բավականին բարձր միջազգային որակ և այնպիսի բարձր չափանիշներ և չափորոշիչներ, որոնց Հայաստանի կրթական համակարգն ինքն աստիճանաբար պետք է հասնի։ ՀՀ բոլոր ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու երկու ճանապարհի ընտրություն կատարել՝ այն ճանապարհը, որը մենք ունենք այսօր, և ԱԲ-ի ճանապարհը, որը, ըստ էության, ապահովելու է նաև անմիջապես միջազգային արդյունք»։

Ասուլիսի վերջում անդրադարձ է կատարվել ԱԲ-ի առաջին քննություններին՝ բացառիկ երևույթ թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային կրթական պատմության մեջ, քանի որ առաջին անգամ էր, որ որևէ երկրի աշակերտներն իրենց մայրենի լեզվով հանձնեցին Քեմբրիջի խորացված մակարդակներին համազոր քննություններ, որոնք ճանաչելի են թե՛ Քեմբրիջի, թե՛ այլ միջազգային բուհերի կողմից։

Մամուլի ասուլիսից անմիջապես հետո տեղի է ունեցել ԱԲ-ի առաջին քննությունների առաջին հավաստագրերի հանձնումը աշակերտներին։ Այս հավաստագրերը հնարավորություն կընձեռեն աշակերտներին ընդունվելու աշխարհի մի շարք համալսարանններ Անգլիայում, Եվրոպայում, Սինգապուրում, Ճապոնիայում և շատ այլ երկրներում:

Լևոն Մկրտչյանն ավելի վաղ ասել էր, որ հանրապետությունում ունենք հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձևեր՝ առանձնացված ավագ և միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ և ուսումնարաններ: «Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանացության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար և նրանց տանելով իրենց հետևից: Շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց միևնույնն է դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Ընթերցեք նաև. Մկրտչյան. Առարկաներից առաջնահերթ պետք է լինեն ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---