Մելիքյան. Կարեն Կարապետյանը կարող է վստահելի պաշտոնյա լինել, բայց հարցը չի քննարկվել

Մելիքյան. Կարեն Կարապետյանը կարող է վստահելի պաշտոնյա լինել, բայց  հարցը չի քննարկվել

PanARMENIAN.Net - Կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը Հանրապետական կուսակցությունում ու կուսակցության խորհրդի նիստում չի քննարկվել: Այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ նոր վարչապետ է նշանակվելու Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին, Մելիքյանը նշել է, որ Կարապետյանը շատ արհեստավարժ մասնագետ է, բազմաթիվ լուրջ կազմակերպություններ է ղեկավարել, Երևանի քաղաքապետ է եղել, ՌԴ-ում լուրջ պաշտոն է զբաղեցնում, և նրա նշանակման պարագայում, նա կարող է դառնալ վստահելի պաշտոնյա:

«Կառավարությունում կադրային փոփոխությունները երբևէ չեն բացառվել, որովհետև փոփոխություններն անընդհատ գործընթաց են: Ես միշտ կողմ եմ կադրային փոփոխություն իրականացնելուն: Կարծում եմ, որ կառավարությունն ամեն ինչ արել է տնտեսական աճ ապահովելու նպատակով. տնտեսական դժվար տարի է եղել, և արձանագրվել է կիսամյակի համար 2,2 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, տնտեսական աճի նվազման հարցը մտահոգիչ է, և ամեն քայլ պետք է կատարվի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշներն աճեն»,- ասել է Մելիքյանը, մեջբերում է Yerkir.am-ը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից հայտարարված ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցին, Մելիքյանի կարծիքով ազգային համաձայնության կառավարությունը ենթադրում է, որ կառավարության անդամներ կարող են լինել այնպիսի արեհստավարժ մասնագետներ, որոնք վստահելիության բարձր ցուցանիշ ունեն հասարակության շրջանում, որոնք ներկայացված են տարբեր քաղաքական ուժերում, կամ ներկայացված չեն: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ օրենսդրական փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին:

Կարեն Կարապետյանը 2001-2010թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենն է եղել։ 2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ: 2011-ից «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013-ից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---