ՀՔԾ. ՊՊԾ գունդը զավթողներին օժանդակել է ևս 18 անձ

ՀՔԾ. ՊՊԾ գունդը զավթողներին օժանդակել է ևս 18 անձ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձ:

Քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ վերջիններս զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգով և այլ զենք-զինամթերքով: Գնդի տարածքում գտնվող զինված խմբին օժանդակել են ևս 18 անձ, ովքեր տարբեր եղանակներով փորձել են շրջանցել իրավապահ մարմինների պատնեշը, միանալ զինված խմբին, ինչպես նաև գնդի տարածքից դուրս տարբեր միջոցներով աջակցել զինված խմբի գործողություններին՝ պատանդներին և զավթված շինությունները պահելուն: Օժանդակողներից Արթուր Սարգսյանին 2016 թվականի հուլիսի 26-ին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և միանալ զինված խմբի անդամներին:

Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը:

Օժանդակողներից 15-ը կալանավորված են: Երեքի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են ՊՊԾ գունդը զավթած զինյալների կողմից ոստիկանության 3 ծառայողներին՝ Ա.Վանոյանին, Յու.Տեփանոսյանին, Գ.Մկրտչյանին, ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքները պարզելու, սպանությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցանքները կատարելու համար վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով բավարար ապացույցների համակցություն ձեռք բերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է նաև ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում երկու բարձրաստիճան պաշտոնյաների և 7 քաղաքացիական անձանց պատանդառման, ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու և դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 մլն ՀՀ դրամ գումարը հափշտակելու, ՊՊԾ գնդի տարածքում պահվող զենք-զինամթերքը, գնդի ծառայողների և քաղաքացիական անձի անձնական գույքն ու գումարները հափշտակելու, ինչպես գնդին պատկանող ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաները, այլ գույք հրկիզելու և դիտավորությամբ վնասելու հանգամանքները պարզելու, այդ հանցագործությունները կատարելու մեջ զինված անձանցից յուրաքանչյուրի մասնակցությունը բացահայտելու և հիմնավորելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի Թաղ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով վիրավորվել ու կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ.Մնացականյանի առողջությանը, հրազենային վնասվածքներ են պատճառվել նաև ոստիկանության ծառայող Տ.Գևորգյանին, ինչպես նաև դիտավորությամբ վնասվել են ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցներ:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---