Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում 58 համայնքում ընտրվել է նոր ղեկավար

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում 58 համայնքում ընտրվել է նոր ղեկավար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզեր տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ և արդար: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հիմք ունենալով բոլոր փաստական տվյալները, կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են ազատ և արդար Ընտրական օրենսգրքին համապատասխան», -հավելել է ԿԸՀ նախագահը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, այդ ընտրությունների ժամանակ եղել են համայնքներ, որտեղ ընտրական գործընթացին հետևել է 4 տասնյակից ավելի դիտորդ, վստահված անձիք, լրատվամիջոցներ: «Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը», - նկատել է Տիգրան Մուկուչյանը:

Ամփոփելով սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները, Մուկուչյանը ներկայացրել է, որ ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի պաշտոնների համար առաջադրվել է 408 թեկնածու, անկուսակցական էր 144 թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունից՝ 1, «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունից՝ 1, «Բարգավաճ Հայաստանից»՝ 6 թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ 2 թեկնածու, ՀՅԴ-ից 15 թեկնածու, ՀՀԿ-ից՝ 230, Հայկական Վերածնունդից՝ 6 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 3 թեկնածու:

Ինչ վերաբերում է առաջադրումներին, ապա ըստ ներկայացված տվյալների, ինքնաառաջադրման կարգով առաջադրվել է համայնքի ղեկավարի 218 թեկնածու, «Բարգավաճ Հայաստանից»՝ 1, ՀՅԴ-ից՝ 1, ՀՀԿ-ից՝ 180, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից՝ 5 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 թեկնածու:

Ընտրությունների արդյունքում 58 համայնքում ընտրվել է նոր ղեկավար, որոնցից 8-ը խոշորացված համայնքներ են եղել՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Սյունիքի մարզի Գորայք, Գորիս, Մեղրի, Տեղ համայքները և Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքները:

20 համայնքում չեն առաջադրվել գործող համայնքների ղեկավարներ, իսկ 30 համայնքում գործող ղեկավարը չի ընտրվել:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու, որոնցից առաջինում իշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---