ՀԿ նախագահ. Forpostart production ընկերությունը պարբերաբար խաբում է սպառողներին

ՀԿ նախագահ. Forpostart production ընկերությունը պարբերաբար խաբում է սպառողներին

PanARMENIAN.Net - «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չեղյալ հայտարարելուց հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Հայաստանի իրավապահ, հարկային մարմինների, կառավարության ուշադրությունը հրավիրում է համերգների կազմակերպմամբ զբաղվող Forpostart production ընկերության գործունեության վրա:

«Ռամազոտիի համերգը չեղյալ հայտարարելուց հետո պետական որևէ կառույց չգնաց ուսումնասիրություն կատարելու, թե այդ ընկերությունը քանի՞ տոմս էր վաճառել, վաճառքից գոյացած գումարից ինչքա՞ն է ծախսել, ընկերության հաշվեհամարին որքա՞ն գումար կա: Ավելին այս նույն ընկերությունը փորձ արեց «Լենինգրադ» խմբի համերգը կազմակերպել: Այսինքն այս ընկերությունը սպառողներին պարբերաբար խաբում է»,-պետական մարմինների անհրաժեշտ քայլերը մատնանշել է ՀԿ նախագահը, մեջբերում է Panorama.am-ը:

Սեպտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 19-ին նախատեսված «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը տոմսերի վաճառքի անբավարար քանակի կապակցությամբ չեղարկվում է: Կազմակերպիչները հայտնել են, որ բոլոր տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: Forpostart Production-ը Երևանում պետք է կազմակերպեր նաև Էրոս Ռամազոտիի համերգը, որն այդպես էլ չկայացավ: Ընկերությունը դեռ ամբողջությամբ չի վերադարձրել Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի գումարները: Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները դիմել են դատարան՝ գումարները վերադարձնելու պահանջով, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին տեղի կունենա դատական առաջին նիստը:

Պիպոյանի խոսքով, իրավապահները պետք է ուսումնասիրեն՝ արդոք այս ընկերության գործունեությունը տնտեսական հանցագործություն չէ:

«Հարկային մարմինները պետք է պարզեն վաճառքի ծավալները, ծախսերը: Կառավարությանը հորդորում եմ նմանատիպ պրոցեսների նկատմամբ լինել ուշադիր, տնտեսվարողը չպետք է կայանա սպառողների հաշվին: Նման համերգների կազմակերպման գործում մշակույթի նախարարությունը ձեռքերը լվացել ու հետ է կանգնել: Էս երկրում ո՞վ ինչ ուզի, կարող է անել: Ես վաղը կարող եմ հայտարարել, որ Ռեյ Չարլզին բերում եմ Հայաստան: Ովքեր չիմանան նա մահացել է, տոմս առնեն, տոմսերը վերցնե՞մ, փախնե՞մ»,-ասել է նա՝ հավելելով, որ ընկերությունը պարտավոր է սպառողին վերադարձնել տոմսի գումարը:

ՀԿ նախագահի խոսքով, կառավարությունը՝ մասնավորապես մշակույթի նախարարությունը, պետք է մշակի ու ընդունի ընթացակարգ՝ սահմանելով, թե ովքեր կարող են զբաղվել համերգների կազմակերպմամբ, որ դեպքերում է ընկերությանն արգելվում նման գործունեությամբ զբաղվել:

«Պետք է կանոնակարգել իրավահարաբերությունները, տնտեսվարողը չի կարող ինչ ուզի՝ սպառողի գլխին բերի: Հարկային մարմիններին խնդրում եմ պարզել, թե ինչքան տոմս է վաճառել ընկերությունը, ինչքան ծախս է արել, կար ակտիվներում այնքան գումար, որպեսզի կարողանար վերադարձնել քաղաքացիների տոմսերի գումարը: Իրավապահ մարմիներին հորդորում եմ ուսումնասիրել, հասկանալ, արդյոք այդ ընկերության գործունեության մեջ հանցակազմ չկա: Առաջին դեպքը չէ, որ համերգը չի կայանում, ժամկետներն է խախտում»,-նշել է Պիպոյանը՝ նման գործունեությունն անընդունելի համարելով:

«Լենինգրադ» խմբի մամուլի խոսնակ Դմիտրի Գուգուչկինը հայտարարել է, թե խմբի համեգը կասեցվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, ու որոշումը որևէ կերպ չի ազդի խմբի այլ ելույթների վրա. «Ես չգիտեմ համերգի կասեցման իրական պատճառները, այն չեղյալ է հայտարարավել կազմակերպիչների նախաձեռնությամբ: ՄԵնք համերգների պակաս չունենք, ուստի չենք անհանգստանալու, Սերգեյ Շնուրովն անտրամադիր չէ, ու մեր բյուջեին դա չի հարվածել»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---