Վարչապետը՝ նորանշանակ նախարարներին. Վերանայեք օրենսդրական դաշտը, կառավարումը, հիմնադրամներ ներգրավեք

Վարչապետը՝ նորանշանակ նախարարներին. Վերանայեք օրենսդրական դաշտը, կառավարումը, հիմնադրամներ ներգրավեք

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին:

Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ:

«Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում:

Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որնախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը և ընդգծել. «Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ և այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա:

Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ և համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ և այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»:

Վարչապետը ներկայացրել է նաև ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին:Կարապետյանը նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն:

«Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը:

Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ:

Վարչեպետն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:

Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից և անձնակազմից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա ներգրավել ֆինանսական միջոցներ, նոր մշակույթ և նոր չափորոշիչներ:

«Խստորեն պետք է նայել նաև այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին և գնալ յուրաքանչյուր լումայի հետևից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում և այդ նպատակը կատարվում է, թե ոչ»,- նշել է Կարապետյանը: Վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առևտրայնացումը և կարևորել էկոտուրիզմի զարգացումը, որը մեր զբոսաշրջության գրավիչ ճյուղերից մեկն է: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքները պետք է իրականացնել արագ և արդյունավետ:

Վարչապետը ներկայացրել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ ընդգծելով, որ նախկին նախարար Գաբրիել Ղազարյանի հետ են աշծատելու և նրանցից ակնկալիքները մեծ են: Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ: Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:

ՎարչապետԿարապետյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին: Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն:

«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով: Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ շարունակելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը.Էկոնոմիկայի, առողջապահության, բնապահպանության, սպորտի և մշակույթի նոր նախարարներ են նշանակվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---