«Հայփոստը» Եվրոպայի ուղղությամբ փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով փոխադրումներ է սկսում

«Հայփոստը»  Եվրոպայի ուղղությամբ փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով փոխադրումներ է սկսում

PanARMENIAN.Net - Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն սկսում է մատուցել Հայաստանի համար նոր ծառայություն: 2016-ի հոկտեմբերի 1-ից Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:

Սեպտեմբերի 29-ին Երևանի Հանրապետության հրապարակում ներկայացվեցին նոր ծրագիրն ու ծրագրի իրագործման համար ներկրված մեքենաները: Շնորհանդեսին ներկա ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը և Հայփոստի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը խորհրդանշական բանալիները հանձնեցին վարորդներին՝ մաղթելով բարի երթ:

Նոր ծառայությունը Երևանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց և հակառակ ուղղությամբ փոստի ու բեռների շաբաթական փոխադրումների միջոցով կամրապնդի Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ:

«Հայփոտ»-ն ընդգծում է, որ այս նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին՝ ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը: Միաժամանակ նոր ծառայությունը կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:

Նոր ծառայության մատուցման նպատակով Հայփոստը ձեռք է բերել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա՝ 6×4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողությունը՝ 27 տոննա: Հավելյալ բաքերի շնորհիվ մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ:

Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար: Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ: Բեռնատարները համապատասխանում են Եվրո-6 էկոլոգիական եվրոպական բարձրագույն չափանիշներին՝ ապահովելով ներկայումս ածխածնի օքսիդի արտանետման հնարավոր նվազագույն մակարդակ:

Նշված բեռնատարների հետ մեկտեղ այսօրվանից Հայփոստի շարժակազմը համալրվեց 12 նոր Renault Dokker ֆուրգոնով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը: Էկոլոգիապես անվտանգ այս մեքենաները կլիցքավորվեն սեղմված բնական գազով՝ նվազագույնի հասցնելով ածխածնային արտանետումների մակարդակը:

Այս նոր 14 մեքենայի համար ամբողջական ներդրումը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հերթական նոր ծառայությամբ Հայփոստի Հավատարմագրային կառավարիչը շարունակում է նորամուծությունների իր հետևողական շարքը: Վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 նոր մեքենայով: Դրանց տարեկան ընդհանուր վազքը կազմում է 3 միլիոն 500 հազար կիլոմետր՝ ապահովելով կապը Հայաստանի ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղի հետ: Ընկերությունը վերանորոգել և արդիականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ամբողջ տարածքում: Առցանց կապով առ այսօր ապահովվել է 700 բաժանմունք, որի արդյունքում Հայփոստն ունի Հայաստանում խոշորագույն օնլայն ցանցը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---