Հունաստանի ՊՆ-ի խորհուրդն Էրդողանին. Չվերանայել միջազգային իրավունքը

Հունաստանի ՊՆ-ի խորհուրդն Էրդողանին. Չվերանայել միջազգային իրավունքը

PanARMENIAN.Net - Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը խորհուրդ է տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չբռնել միջազգային իրավունքի վերանայման ճանապարհը և «ուշադիր լսել հունական կղզիներից լսվող ձայները»:

Ըստ Էրդողանի սեպտեմբերի 29-ի հայտարարության, ըստ Լոզանի պայմանագրի թուրքերը Հունաստանին հանձնեցին Էգեյան ծովի կղզիները, «որտեղի ճիչերը լսվում են մեր ափին», որտեղ գտնվում են «թուրքական մզկիթներն ու սրբությունները»

«Հիմա ամբողջ աշխարհն է հասկանում, որ Էրդողանի ջանքերն ուղղված են Թուրքիան կրոնապետության վերածելուն` ժխտելով բոլոր ներքին փոփոխությունները, որ արել է Քեմալ Աթաթուրքը»,-ասել է հույն նախարարը:

«Ես նրան խորհուրդ կտայի հատկապես ուշադիր լինել երբ նա ձայներ է լսում Փոքր Ասիայի ափերից` հունական կղզիներից, քանի որ այդ ձայները հույների, Պոնտոսի հույների, փոքր Ասիայի հույների ձայներն են, որոնք ապրում էին այնտեղ, քանի դեռ թուրքերը չէին սկսել կոտորել հելելնիզմը»,-ասել է Կամենոսը` հիշեցնելով այդպիսով Փոքր Ասիայի հույների ցեղասպանության մասին:

«Նման հայտարարությունները չեն նպաստում երկու ժողովրդների գոյակցությանը, միջազգային իրավունքը վիճարկելու փորձերը վտանգավոր ուղիով են տանում: Ես խորհուրդ կտայի չգնալ այդ ճանապարհով»,-ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը:

Առաջին աշխարհամարտից առաջ և հետո՝ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ ցեղասպանության է ենթարկվել Պոնտոսի, փոքրասիական, Էգեյան կղզիներում և Կոստանդնուպոլսում բնակվող մոտ 500 000 հույներ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն:

Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. Լոզանի պայմանագիրը: «Լոզանի պայմանագիրն ու ամբողջ միջազգային իրավունքը իրողություն են քաղաքակիրթ աշխարհում, և ոչ ոք, այդ թվում Անկարան, չի կարող այն անտեսել: Բոլորը պետք է այն հարգեն: Որքան էլ դա ցավոտ լինի»,-ասել են դիվանագիտական աղբյուրները:

Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա։

Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---