Ալիև. Ադրբեջանին ստիպում են ճանաչել Ղարաբաղը

Ալիև. Ադրբեջանին ստիպում են ճանաչել Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում ունեցած իր ելույթում, հայտնում է Haqqin.az-ը:

Ըստ նրա, այդ հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ արշավ է սկսվել:

«Փակ դռների հետևում մեր հանդեպ ճնշում է գործադրվում` ստիպելու համար համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Շատ մանրամասներ մենք չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,-ասել է Ալիևը:

«Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից Ադրբեջանին փնովելու և զրպարտելու քարոզարշավի հիմնական նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քանի դեռ մենք ենք իշխանության ղեկին, իսկ հանրաքվեն ցույց տվեց, որ դա դեռ երկար այդպես կլինի, Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,-ասել է Իլհամ Ալիևը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---