Եվրիմաժի ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան կայցելեն

Եվրիմաժի ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան կայցելեն

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավերով նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն:

Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում:

Աշխատանքային հանդիպման առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, հյուրերը կինոարտադրողներին կներկայացնեն Եվրիմաժի և այլ կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Բացի այդ, նրանք ոլորտի մասնագետներին կծանոթացնեն համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների աջակցության ծրագրերին, գրում է Kinoashkharh.am-ը։

Նոյեմբերի 2-ին արդեն տեղի կունենան գործնական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ, այդ թվում՝ կինոարտադրողների (պրոդյսերների, ռեժիսորների և կինոլորորտի այլ մասնագետների հետ): Հայ կինոգործիչները հնարավորություն կունենան փորձագետների հետ համատեղ քննարկելու այն կինոնախագծերը, որոնք հետագայում կներկայացվեն Եվրիմաժ հիմնադրամին՝ որոշակի ֆինանսվորում ստանալու նպատակով։

Այցն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանը 2016-ին միացավ Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---