Գնդապետ. Ապրիլյան մարտերում վնասված զրահատեխնիկայի 80%-ը նորոգվել է

Գնդապետ. Ապրիլյան մարտերում վնասված զրահատեխնիկայի 80%-ը  նորոգվել է

PanARMENIAN.Net - Ապրիլյան մարտական գործողություններից մեկ-երկու շաբաթ անց վնասված զրահատեխնիկայի 80 տոկոսը նորոգվել է, վերադարձվել շարք: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ գնդապետի, հաջողվել է վերականգնել զրահատեխնիկան, թեև հակառակորդն առաջին անգամ կիրառել էր նորագույն սերնդի գերճշգրիտ սպառազինություն, խոցման միջոցներ, իսրայելական արտադրության «Spike» հակատանկային համալիրներ, որոնց առանձնահատկություններից մեկն այն է, որ խոցում է տանկը վերևի հատվածից, որտեղից թույլ է պաշտպանված:

«Նույնիսկ ամենալավ արտադրության տանկը վերևի հատվածից հուսալի պաշտպանություն չունի: Ճիշտ է, տարբեր երկրներում կատարվում են մշակումներ ակտիվ պաշտպանություն համակարգերի ուղղությամբ, այդ թվում նաև Իսրայելում, Ռուսաստանում: Վերջին դեպքերի հետ կապված մենք էլ ենք սկսել նման աշխատանքներ, համագործակցում ենք Հայաստանի գիտական, արտադրական հիմնարկների հետ, որպեսզի դեռ նախնական էտապում տրվի այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացվի տեխնիկան»,- ասել է Զորայր Գաբրիելյանը:

Նրա խոսքով, առհասարակ, վերջին տարիներին սկսվել են տանկերի արդիականացման աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ուժերի վրա, բայց, համագործակցելով նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Խոսելով զրահատանկային ծառայության անցած ուղու մասին, նա ասել է, որ մինչև 1994 թվականը զրահատանկային տեխնիկայի 70 տոկոսը հակառակորդի կողմից առգրավված տեխնիկան էր:

«Անսարք էին, անհրաժեշտ էր կարճ ժամանակում վերականգնել և մտցնել շարք: Այդ ժամանակ ձևավորվեց զրահատանկային ծառայությունը, նորոգման ստորաբաժանումները, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին ոչ միայն թիկունքում, այլ նաև անմիջապես մարտի դաշտում»,- ասել է Զ.Գաբրիելյանը:

Գնդապետ հիշել է, որ 1992-94 թթ. մարտական գործողությունների ամենադժվար շրջանում Մոնթե Մելքոնյանն ասում էր՝ «տվեք ինձ 30 տանկ և ես կգրավեմ Աղդամը»: «Հետագայում այդպես էլ եղավ, բայց ոչ թե 30, այլ ավելի քիչ քանակի տանկերով»,- հավելել է Գաբրիելյանը:

Նա ընդգծել է, որ տանկային ստորաբաժանումների մարտունակությունը, անձնակազմերի ուսուցանումը, տանկատեխնիկական ապահովման հարցերը միշտ էլ գտնվել են հրամանատարության ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---