Գործակցության հեռանկարները, Սիրիայում իրավիճակը՝ ՀՀ նախագահի և Մալթայի միաբանության իշխանի առանձնազրույցի առանցքում

Գործակցության հեռանկարները, Սիրիայում իրավիճակը՝ ՀՀ նախագահի և Մալթայի միաբանության իշխանի առանձնազրույցի առանցքում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հայաստանի Հանրապետության և Մարտական Ուխտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը, մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելը պարգևատրվել են Պատվո շքանշանով, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը՝ Բարեկամության շքանշանով:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխանի և Մալթայի Մարտական Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է երկրորդ կարգի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Մալթայի Ուխտի մեծ սպայի խաչով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Պարգևատրման արարողությունից հետո Սարգսյանը և Ֆեսթինգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

«Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջև։ Խորհրդանշական է նաև, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում», - լրագրողներին ասել է նախագահը:

Տեղեկացվել է, որ քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցության հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր:

«Անշուշտ, մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի օրերին և մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է և, իհարկե, աննկատ չի մնացել», - հավելել է նախագահը։

Նրա խոսքով, քննարկվել են նաև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայություններիմատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության և նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե´ Մալթայի Ուխտը և թե´ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, և այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել:

«Իհարկե, խոսեցինք նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի և հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու և իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։

Անշուշտ, խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում», - ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆեսթինգի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Ավելի վաղ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսը նշել է, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը պատմության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել մարդկությանը և այսօր էլ շարունակում է իր օգտակարությունը բերել տարբեր ոլորտներում: Ընդգծվել է նաև, որ Հայ եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել Քույր եեղեցիների հետ, որոնք ներկայիս ևս շարունակում են զորանալ ու զարգանալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---