Հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովը՝ Երևանում. Կարևորվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

Հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովը՝  Երևանում. Կարևորվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին և ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների այս կարևոր բաղադրիչը` համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, ավանդական դարձած ապակենտրոնացված համագործակցության այս համաժողովը:

Կարևորում եմ ոչ այնքան այն պատճառով, որ եղել եմ ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի ակունքներում, երբ 2006թ. Հայաստանից Ֆրանսիա մեկնեց տարբեր մարզերի և քաղաքների ներկայացուցիչներից բաղկացած ավելի քան հարյուր հոգանոց պատվիրակություն` Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, այլ նրա համար, որ տեղական ինքնակառավարման օղակները, որպես ժողովրդին ամենամոտ կանգնած իշխանության կրողներ, լավագույնս են նպաստում երկրների միջև բարեկամության խորացմանը», - ասել է նախարար Նալբանդյանը:

Նրա խոսքով, հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսևորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով:

Նալբանդյանը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Դա նաև հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի և համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից:

«Ինձ մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում:

Վստահ եմ, որ այս չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ», - հավելել է ԱԳ նախարարը:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006թ. Փարիզում, երկրորդը` 2010թ. Երևանում, իսկ երրորդը` 2013թ. Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---