Չինաստանը Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա կնվիրի: Այս մասին տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ:
Ալթունյանը բարձր է գնահատել առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։ Առանձնակի կարևորվել են Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետների վերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:
2011թ. ՉինաստանըՀայաստանին շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել:
Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար: «Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում:
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։ Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։
Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։