Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - 1948-ի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 2 տարի անց արդեն Գլխավոր վեհաժողովի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր՝ նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են մարդու և անհատի հիմնական իրավունքները: Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզվով: Ըստ որում ՝ աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:

Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը օրվա կապակցությամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է:

«Սա է, որ պետք է կազմի պետական ցանկացած ծառայողի աշխատանքի առանցքը: Մեր երկրի Սահմանադրությունն արդեն ապահովել է պետության այդ հիմնարար պարտականության բոլոր հիմքերը:

Այս հիմնարար խնդիրը կյանքի կոչելու հարցում իր պատասխանատու դերն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Այդ դերն, իհարկե, բարդ է ու լի մարտահրավերներով, բայց դրանով հանդերձ՝ պետք է անընդհատ աշխատանքով նպաստել մեր երկրում իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխավորմանն ու պաշտպանությանը, մարդու նկատմամբ բացարձակ հարգանքի ապահովմանը»,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքը չի կարող ցանկալի արդյունք ունենալ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և լրատվության միջոցների աջակցության:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն էլ իր ուղերձում նշել է, որ բազմիցս է շեշտել ՄԱԿ-ի երեք հիմնասյուների՝ խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը:

«Այս երեքը միասին առանցքն են դիմակայուն ու ներդաշնակ հասարակությունների՝ հիմնված ներառականության, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա:

Ես նաև ընդգծել եմ, որ մարդու իրավունքները մշտապես գտնվում են ՄԱԿ-ի գործունեության ու ինքնության առանցքում: Եվ այս գիտակցությունն է մեր «Մարդու իրավունքներն՝ անհապաղ» նախաձեռնության հիմքում:

Բազմապատկվող հակամարտությունների, մարդասիրական սաստկացող կարիքների և ատելության ահագնացող քարոզչության ժամանակներում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բոլորիս հիշեցնում է, որ «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է»: Քայլ առ քայլ մենք կարող ենք կերտել ապագա, որը հիմնված կլինի հավասարության և մարդկային արժանապատվության մեր ընդհանուր արժեքների վրա»,- նշել է Բան Կի Մունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---