Քաղաքական կուսակցությունների գրանցման և վերահսկողության կարգը կպարզեցվի

Քաղաքական կուսակցությունների գրանցման և վերահսկողության կարգը կպարզեցվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրումը, որը պարզեցնում է քաղաքական կուսակցությունների գրանցման և դրանց վերահսկողության կարգը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով լրացումները, նշել է, որ փոփոխությունները նախատեսված են սահմանադրական բարեփոխումներով և նախագահի որոշմամբ։

Նա նշել է, որ, գործող օրենսդրության համաձայն, կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան առնվազն 200 անդամ և 6 ամսվա ընթացքում նրանց թիվը պետք է հասնի մինչև 2 000-ի։

«Օրենքի նոր տարբերակը նախատեսում է հետևյալ մեխանիզմը` կուսակցություն ստեղծելու մասին որոշումն ընդունվում է 100 մարդուց բաղկացած հիմնադիր համագումարում, որից 6 ամիս անց, այսինքն, կուսակցության գրանցման պահին, անդամների թիվը չպետք է պակաս լինի 800-ից»,– ասել է Հովհաննիսյանը։

Օրենքով նախատեսված է նաև սեռերի հավասարության սկզբունքի սահմանում և հաշմանդամների նկատմամբ խտրականության անթույլատրելիություն։

Նախարարի խոսքով, պարզեցվում է նաև մարզերում ստորաբաժանումների մեկ երրորդի պարտադիր առկայության պահանջը` վեցամսյա ժամկետում երկրի ամբողջ տարածքում դրանց հետագա տարածման պահանջով։ Մասնավորապես, նոր խմբագրման օրենքում կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան մարզային ստորաբաժանումներ մարզերի մեկ երրորդում։ Ընդ որում` խոսքը գնում է ինչպես Երևանի, այնպես էլ երկրի մարզերի մասին։

Նա միաժամանակ նշել է, որ հստակեցվել են նաև գրանցումից հրաժարվելու, գործունեության արգելքի պայմանները և այլ հարցեր։

Օրենքով նաև նախատեսված է, որ քաղաքական կուսակցությունը ստեղծվում է քաղաքացիների նախաձեռնությամբ ոչ պակաս քան 100 մարդու քվորումով հիմնադիր համագումարում։ Այնտեղ ընդունվում են նաև կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։ Միաժամանակ, պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններում հավաքի ոչ պակաս քան 3 տոկոս։

Համագումար պետք է անցկացվի տարին առնվազն երկու անգամ։

«Խորհրդարանական ընտրություններում 3–տոկոսանոց արգելքը հաղթահարած բոլոր կուսակցություններին տարեկան կհատկացվի, ընդհանուր առմամբ, 40 մլն դրամ (82 հազար դոլար), ինչը 20-25 մլն դրամով ավելի է, քան նախկինում»,– ասել է Հովհաննիսյանը։

Փոփոխություններով կարգավորվում է պարզեցված համակարգով կուսակցությունների լուծարման և 10 տարվա ընթացքում ընտրությունների չմասնակցելու դեպքում նրանց գործունեության դադարեցման գործընթացը։

Նոր կուսակցություններին կտրամադրվի գրանցման մի տարվա ժամկետ հիմնադիր համագումարի պահից։ Նախատեսվում է նաև կուսակցություններին անդամագրվելու սահմանափակում «ուժայինների» համար։

Կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել, եթե այն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել, մասնավորապես, ֆինանսական հաշվետվության կարգի խախտում, սահմանադրական կարգի բռնի տապալման կոչ է անում։

Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---