Ամիրյան. Հայաստանի ազգային կինոկենտրոնը կվերակազմավորվի և կանվանափոխվի

Ամիրյան. Հայաստանի ազգային կինոկենտրոնը կվերակազմավորվի և կանվանափոխվի

PanARMENIAN.Net - Կինոյի ոլորտում սպասվում է կառավարման մոդելի փոփոխություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն` ամփոփելով ընթացիկ տարվա աշխատանքները և ներկայացնելով 2017-ի անելիքները, հայտնում է Yerkir.am-ը:

Ամիրյանը նշել է, որ ըստ նրա` պետք է ստեղծել կինոարտադրող բոլոր ընկերությունների տնօրենների խորհուրդ, որը կղեկավարի մեկը, ով ուղղակի ֆինանսատնտեսական հարցերով կզբաղվի: «Կինոարտադրող ընկերությունների տնօրենները ռոտացիոն սկզբունքով կլինեն ղեկավարներ, որոնք էլ կհամակարգեն ամբողջ ոլորտը: Մենք ուզում ենք ներգրավել արտասահմանյան կինոարտադրողներին նույնպես, ովքեր արտոնյալ կարգավիճակ կունենան` ազատվելով 20 տոկոս հարկից»,- ասել է Ամիրյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ապա, ըստ Ամիրյանի, այն լուծարվելու է` կինոկենտրոնը կվերակազմավորվի և կանվանափոխվի: «Այսօր կա կինոկենտրոն, վաղը չի լինելու այն: Կինոկենտրոնը, ճիշտ է, կարևորագույն դեր է ունեցել կինոյի զարգացման ոլորտում, սակայն ժամանակները փոխվել են, և այժմ պետք է կառավարման նոր ձևեր գտնենք: Մենք շարունակելու ենք գումար տրամադրել կինոարտադրությանը, պետք է ունենանք ֆիլմեր, որոնք կմասնակցեն միջազգային կինոփառատոների»,- ասել է նա:

Ամիրյանը տեղեկացրել է նաև, որ «Հայֆիլմը» մասնավորեցման գործընթացում է, և կինոստուդիոյի վերապրեցման համար իրենք ներդրումային ծրագիր են կազմում:

Ի դեպ, մշակույթի նախարարությունն ու Հ1-ն ունեն պայմանավորվածություն, որ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը բազմասերիանոց ֆիլմ կնկարահանի` հենց տարեսկզբից սկսած: Ըստ նախարարի` լինելու է ֆիլմ, որը բոլորն են սիրելու:

Ամիրյանն անդրադարձել է նաև թանգարանների ոլորտին` նշելով, որ 2017-ին ՀՀ-ում կբացվեն Տիկնիկների թանգարան, որտեղ կլինեն և՛ ազգային, և՛ տարբեր ազգերի տիկնիկներ, նաև Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ:

Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում մասնավորի հետ համագործակցելով՝ նախարարությունը կստեղծի նոր գրախանութներ և գրադարաններ, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---