Աբրոյան. Քանի դեռ Մ. Արամյանցի տան պատկանելիության հարցը լուծված չէ՝ վերականգնումը չի սկսվելու

Աբրոյան.  Քանի դեռ Մ. Արամյանցի տան պատկանելիության հարցը լուծված չէ՝ վերականգնումը չի սկսվելու

PanARMENIAN.Net - ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Մ. Արամյանցի տուն-ամառանոցի վերականգնումը կարող է կատարվել կառույցի և տարածքի նկատմամբ ՀՀ գույքային իրավունքները հաստատելուց, վերականգնման աշխատանքների նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելուց և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո:

Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության որոշմամբ Մ. Արամյանցի տան՝ պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնումն ու նորոգումն ի՞նչ չափանիշներով է իրականացվելու և այս ուղղությամբ կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են արվելու:

2016-ի դեկտեմբերի 22-ի նիստում Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:

Նշված է, որ որոշումը պայմանավորված է շենքի պահպանմանն ուղղված մի քանի քայլերի անհրաժեշտությամբ: Ավելի վաղ դեկտեմբերի 15-ի նիստում Կառավարությունը որոշել էր Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկել, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալ:

Նրա խոսքով, հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը բացառելու համար Մ. Արամյանցի տունն (ամառանոց) արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքը որպես պետական սեփականություն` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն, հնարավոր է օգտագործել` գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, դրա բնույթին համապատասխանության կամ դրան հարմարեցված գործառնական նշանակությամբ:

Աբրոյանը նշեց, որ ներկայում, նկատի ունենալով ամառանոցի և դրա տարածքի նկատմամբ գույքային պատկանելության հարցը (այլ անձի գրավադրված սեփականություն)՝ կիրականացվեն հուշարձանի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

«Յուրաքանչյուր պատմամշակութային հուշարձանի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են հուշարձանի տեխնիկական վիճակի և ճարտարապետական նախնական տարրերի ուսումնասիութունից, չափագրումից, վերականգնման գիտական նախագծերը կազմելուց հետո, որոնց գիտամեթոդական մոտեցումները կլինեն քննարկելի:

Քանի դեռ ամառանոցի գույքային պատկանելիության հարցը լուծման փուլում է՝ հնարավոր չէ նախատեսել վերականգնման աշխատանքների մեկնարկ: Ինչ վերաբերում է վերականգնման համար անհրաժեշտ ժամանակին, ապա այն կարող է նախատեսվել կազմվող նախագծով», - ասաց նա:

Աբրոյանը կրկին ընդգծեց, որ հուշարձանի օգտագործումը գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական և զբոսաշրջային նպատակներով նույնպես հնարավոր կլինի հուշարձան-շենքի գույքային պատկանելության խնդրի լուծմամբ՝ համապատասխան ծրագրի մշակման և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, վերականգնման աշխատանքների իրականացումից հետո:

Հարցին, թե պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը կոնկրետ ի՞նչ կտա այդ շենքին: Ի՞նչ ծրագրեր, աշխատանքներ են նախատեսվելու, ՊՄՀՊ գործակալության պետը պատասխանեց, որ Մ. Արամյանցի տունը ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելով` կապահովվեն պատմամշակութային հուշարձանի պահպանության իրավական հիմքերը և կկանոնակարգվի գործընթացների լիարժեք իրականացումը:

Նրա խոսքով, ֆինանսական հատկացումների դեպքում հնարավոր կլինի կատարել հուշարձանի առավել արդյունավետ պահպանությունը, վերականգնումը և օգտագործումը, որի համար կնախատեսվի համապատասխան ծրագրերի կազմում:

Աբրոյանը նշեց, որ հուշարձանի անմիջական պահպանությունն իրականացվելու է նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնի և նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մշտական շրջայցերի և դիտարկումների միջոցով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---