Գևորգ Սաֆարյանը «տոնածառի գործով» 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

Գևորգ Սաֆարյանը «տոնածառի գործով» 2 տարվա ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է 2015-ի դեկտեմբերի 31-ին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը պահանջել էր 2.5 տարով ազատազրկել ընդդիմադիր ակտիվիստին:316 հոդվածի առաջին մասի մեղադրանքն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Սաֆարյանն իր ելույթում ամբողջովին շինծու, անհիմն է որակել այս գործը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի․ ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող: Այս դատաիրավական համակարգը բերելու է մեր պետության փլուզմանը: Չի կարելի անմեղ մարդուն դատել»:

Գևորգ Սաֆարյանը պնդել է, որ իր փոխարեն մեղադրյալի աթոռին պետք է լիներ այս գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը:

«Ես կարծում եմ, անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ ես չեմ հարվածել, ու իրականում այստեղ պետք է լիներ Գեղամ Խաչատրյանը, որովհետև ինքն է թե՛ ինձ, թե՛ բազմաթիվ քաղաքացիների հարվածել: Դատաքննության ընթացքում այդ ամեն ինչը պարզ եղավ, տեսագրությունները ցույց տվեցինք, հանրությունն այս ամեն ինչին մասնակից էր, ամեն ինչ տեսավ», - ասել է նա:

Սաֆարյանը հիշեցրել է, որ իր դեմ միայն ոստիկանական ցուցմունքներ են, ընդ որում բոլորն էլ Գեղամ Խաչատրյանի ենթականերն են ու ասում են, թե իբր իր հարվածից վնասվել է նրա հոնքը, աչքը ուռել, փակվել, այնինչ տեսանյութերում ոստիկանի դեմքին որևէ վնասվածք չկա․ «Այսինքն բոլոր այս վկաները տվել են ակնհայտ սուտ ցուցմունք»:

Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---