Քոչարյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար Ադրբեջանն անցել է շանտաժի

Քոչարյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար Ադրբեջանն անցել է շանտաժի

PanARMENIAN.Net - Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի: Այս մասին հունվարի 19-ին Կառավարության նիստից հետո լրագրողերի հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, կան մի շարք լծակներ ազդելու այն պետության վրա, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և շեղվում է ընդունված խաղի կանոններից, գրում է Aysor.am-ը:

«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որպեսզի իր մոտ գործի ԵԱՀԿ գրասենյակ, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությունը: Կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները, հատկապես ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն: Նրանք հեշտ ու հանգիստ կուլ տվեցին այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր մոտ փակեց գրասենյակը՝ ասելով, որ դա ամեն պետության սուվերեն իրավունքն է: Բայց հիմա նա փորձում է արգելափակել Հայաստանում գործող գրասենյակը: Խնդիրն այն է, որ բոլոր որոշումները ԵԱՀԿ-ում կայացվում են կոնսենսուսով, ինչը վերաբերում է բյուջեին, իսկ Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը՝ ասելով, որ կարող է արգելափակել բյուջեն, եթե իր ուզածով չի լինում», - ասել է Շավարշ Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, թե իր երկիրը չի պատրաստվում համաձայնություն տալ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսոևորում:

«Այսպիսի մի դեպք էլ եղավ, երբ ժամանակին կար համաձայնություն հետաքննության մեխանիզմի վերաբերյալ: Այդ նպատակի համար ԵԱՀԿ բյուջեին գումար էր տրամադրվում, մինչդեռ Ադրբեջանը տապալեց գործընթացը՝ սպառնալով, որ արգելափակելու է ԵԱՀԿ բյուջեն»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---