Wikileaks. Աբրահամյանին չի կարելի թերագնահատել

Wikileaks. Աբրահամյանին չի կարելի թերագնահատել

PanARMENIAN.Net - Նախկին վարչապետ ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հաստատել է իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին տեղեկությունները: Ամիսներ առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Աբրահամյանը խոստացել էր «որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից՝ շարունակել հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու առաքելությունը»: ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարելով նա, սակայն, չի հստակեցրել իր ապագա ծրագրերը, մասնավորապես, չի նշել, ում հետ և ինչ ձևաչափով է պատկերացնում ապագա քաղաքական ճանապարհը:

Աբրահամյանը բազմաթիվ անգամ տարբեր առիթներով՝ հայ-թուրքական արձանագրություններից մինչև ներիշխանական խմորումներ, հիշատակվում է Wikileaks-ի փաստաթղթերում: Աբրահամյանի մասին ուշագրավ տեղեկություններ կան, մասնավորապես, 2009 թվականի մարտին «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի ու ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի ի հանդիպման վերաբերյալ հրապարակված զեկույցում:

Գործարարը նշել է, որ այն օրերի ԱԺ խոսնակ Աբրահամյանը հմուտ գործարքներ գործելու ունակության ու հետկուլիսային բանակցություններում խնդիրներ լուծելու շնորհիվ ԱԺ-ում «ստվերային կառավարություն» է ձևավորել, որը մարգինալացրել է Տիգրան Սարգսյանին ու այլ նախարարներին: Խնդիրն էլ ավելի հեշտ էր այն պատճառով, որ Սարգսյանի նախարարներից շատերը, Բաղդասարովի գնահատականով, «սկսնակներ էին, որոնց փորձ հավաքել էր անհրաժեշտ»:

Բաղդասարովը կանխատեսել է, որ Աբրահամյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետ (ինչը տեղի ունեցավ խոսակցությունից 5 տարի անց՝ 2014 թվականի ապրիլին) ու, վերջիվերջո, երկրի նախագահ (սահմանադրությունը դեռևս փոփոխված չէր ու նախագահն ուներ ավելի լայն լիազորություններ, հավանաբար, գործարարն ի նկատի ուներ Աբրահամյանի՝ երկրի առաջին դեմք դառնալու ամբիցիաները): Երբ Բաղդասարովի զրուցակիցը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնը զբաղեցված է մնալու, եթե Սարգսյանը վերընտրվի 2013-ին, Բաղդասարովն ասել է, թե չի բացառում, որ Աբրահամյանը նույնիսկ ինքը կարող է մրցավազքի մեջ մտնել 2013 թվականին:

Բաղդասարովը նշել է, որ Աբրահամյանը երկրում աջակիցների խոշոր ցանց է կառուցել ու խելամտորեն բալանսավորում է Քոչարյանի ու Սարգսյանի շահերի միջև: Նա հիշատակել է նաև Գագիկ Ծառուկյանի հետ ազգակցական կապերն ի թիվս Աբրահամյանին ուժեղացնող այլ գործոնների:

Ըստ հեղինակների, փորձագետները նկարագրում են Աբրահամյանին որպես «հայկական քաղաքականության վատագույն ավանդույթների համաձայն»՝ ադմինիստրատիվ ռեսուրսի ու կեղտոտ փողերի միջոցով ուժեղացած գործիչ:

«Այնուամենայնիվ, մենք համաձայն ենք Բաղդասարովի հետ՝ Աբրահամյանին չի կարելի թերագնահատել», - նշվում է Փենինգթոնի անվամբ ստորագրված փաստաթղթում:

Կարդացեք նաև. Կարդացեք նաև՝ Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---