Դե Վաալ. Բաքուն նոր ռազմական գործողություններ սկսելու գայթակղություն ունի

Դե Վաալ. Բաքուն նոր ռազմական գործողություններ սկսելու գայթակղություն ունի

PanARMENIAN.Net - Հայտնի փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի Եվրասիայի ու Կովկասի գծով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գնահատել է 2017 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում նոր ռազմական գործողությունների հավանականությունը:

Դե Վաալը գրում է, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը վերանվաճեց 2 փոքր հողատարածք, սակայն դրա հոգեբանական արդյունքը շատ ավելի մեծ էր: Այն օգնեց հաղթահարել քսանամյա նվաստացումը, իսկ հայրենասիրական տրամարդրությունների աճն օգնեց շեղել բնակչությանը տնտեսական ճգնաժամի ու մանաթի արժեզրկման խնդրից:

Այժմ, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած դիվանագիտական գործընթացն արգելակվել է, Բաքվի մոտ գայթակղություն է առաջանում կրկին գործի դնել ռազմական գործիքները՝ տարածքներ վերագրավելու ու հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու համար:

«Սակայն կա վտանգ, որ փորքածավալ գործողությունը կվերաճի մի իրավիճակի, որը նույնիսկ ավելի լուրջ կլինի, քան վերջին ռազմական բախումները: Ադրբեջանի իշխանությունները նախորդ անգամից զգալիորեն ավելի մեծ տարածքներ գրավելու պահանջների ճնշման տակ են լինելու: Հայ հասարակությունը պահանջելու է պատերազմել ավելի համառ, քան ապրիլին, ու վերագրավել հակառակորդի գրաված տարածքները», - նշում է դե Վաալը:

Խոսելով կողմերի զինանոցի մասին, փորձագետն առանձնացնում է հայկական կողմի «Իսկանդերները», որոնցով հնարավոր է հարվածել խոշոր քաղաքներին ու Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներին, և Ադրբեջանի ձեռք բերած մեծաքանակ իսրայելական արդադրության տեխնիկան:

Ռազմական ռիսկերից բացի, փորձագետն առանձնացնում է քաղաքականները: Ադրբեջանի պարագայում դա տնտեսական ճգնաժամն ու մանաթի կտրուկ արժեզրկումն է: Հայաստանի դեպքում՝ փոփոխված սահմանադրությամբ նոր ընտրությունները: Ըստ փորձագետի, շատերը գործընթացն ընկալում են որպես նախագահ Սարգսյանի կողմից իշխանության պահպանմանը միտված քայլ, և «ընդդիմությունը կօգտագործի ընտրությունները նրան դիմակայելու համար՝ բոլոր հնարավոր միջոցներով»:

Անկայունության գործոն է նաև Դոնալդ Թրամփի նախագահությունն ու ԵՄ-ում խորացող ճգնաժամը, որոնք կարող են ստիպել կողմերին «առավել անպատասխանատու գործել», նշում է դե Վաալը:

Փորձագետի կարծիքով, պատերազմն արտաքին ուժերի կողմից կառավարել դժվար կլինի: «2016-ի ապրիլին Մոսկվան հրադադարի մասին բանավոր համաձայնության հասավ: Սակայն կարծիքը, թե Ռուսաստանը կառավարում է հակամարտությունը, թյուրըմբռնում է: Ռուսաստանը երբեք չի կառավարել այն՝ սկսած 1988 թվականից, փորձելով այս կամ այն կերպ օգնել կողմերից որևէ մեկին, կամ միջնորդի դեր կատարել: Այս պահին Ռուսաստանին մեծապես չեն վստահում երկու կողմերն էլ, և ոչ Բաքուն, ոչ Երևանը թույլ չեն տա նրան թելադրել իր օրակարգը ազգային համար 1 հարցում», - նշում է նա:

Դե Վաալը նախազգուշացնում է, որ նոր հակամարտությունը կարող է բերել հազարավոր զոհերի ու տնտեսական ճգնաժամի, չլուծելով վեճի հիմնական պատճառները: Սակայն կա վտանգ, որ կողմերը սխալ հաշվարկների կգնան ու, ամեն դեպքում, նորից պատերազմն կսկսվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---