Մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները ներկայացվել են իրանցի գործարարներին

Մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները ներկայացվել են իրանցի գործարարներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանցի գործարարներին ներկայացվել են մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրանցի գործարարների հետ: Հարևան երկրից ժամանած հյուրերին ներկայացվել են Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան - Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս:

Իրանցի գործարարները ծանոթացել են նաև մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին:

2016-ին նոյեմբերին տրվել է Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

Փորձնական մեկնարկը տեսանելի է դարձրել Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բավական լավ ցուցանիշ է:

Նախարարությունը նշում է, որ բեռների փոխադրման այս մոդելը շահեկան է նաև հուսալիության առումով: Բավական է նշել, որ Եվրոպայում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը Թեհրան հասցնելը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի խոսքով` փոխադրումներ իրականացնելիս հնարավոր է նկատի ունենալ յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջները և մատուցվող ծառայությունը հարմարեցնել այդ պայմաններին:

Դմիտրի Գվոզդևը խոսել է նաև բեռների ապահովագրության և գործընթացի կազմակերպման «մեկ պատուհան» սկզբունքի մասին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակայություններից համարվող այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ նպաստելով Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---