Նախարար. Հայկական ԶՈւ-ն լիովին վերահսկում է իրավիճակը սահմանին

Նախարար. Հայկական ԶՈւ-ն լիովին վերահսկում է իրավիճակը սահմանին

PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով վերջին օրերին լարվածության աճին:

«Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ փետրվարի 10-ին եղել է Տավուշի սահմանամերձ գյուղերում և Նոյեմբերյանի գնդում: «Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ ու համոզվածությամբ, որ իրենց կատարած գործը անհրաժեշտ է բոլորիս», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա հորդորել է ` կուլ չգնալ ադրբեջանական ապատեղեկատվությանը ու սահմանային իրավիճակին հետևել ՊՆ և ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով: Այս մասին հաղորդել է ԼՂՀ ՊՆ-ն՝ հայտարարելով, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:

«ՊՆ-ն երբեք գաղտնի չի պահում այն իրավիճակը, որը կա: Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե խախտումների քանակը, թե կիրառված միջոցները», - ասել է պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---