Ամերիկյան 33 ֆիլմ՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում. Մուտքն ազատ է

Ամերիկյան 33 ֆիլմ՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում. Մուտքն ազատ է

PanARMENIAN.Net - Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպող բնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկել է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկա երկու ամիսվա ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի 33 ամերիկյան ֆիլմ: Անդրանիկ ցուցադրությունը կլինի փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում և էկրան կբարձրանա մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:

«Ֆիլմերը մեզ տեղափոխում են մի նոր աշխարհ, մեզ ներկայացնում այլ մոտեցումներ, օգնում հասկանալ մեզ շրջապատող աշխարհը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանում նաև «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր ռեժիսոր/պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն, ով քննարկումներ կունենա հանդիսատեսի հետ, ուսանողական խմբերի հետ քննության կառնի կինոարվեստը և կներկայացնի աուտիզմնին առնչվող իր փորձը:

Ցուցաշարը կբացվի Գրիլոյի ֆիլմով, որը պատմում է փախուստի մեջ գտնվող մի դեռահաս աղջնակի մասին, ով ներկայանում է որպես հմուտ ու սրտացավ տնային դայակ և կարողանում ստեղծել յուրահատուկ կապ աուտիզմ ունեցող 11-ամյա աղջնակի ու նրա ընտանիքի հետ: Ֆիլմի ցուցադրմանը կհաջորդի հանդիսատեսի հարց ու պատասխանը ռեժիսորի հետ:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը կշարունակվի մինչև մարտի 31-ը. կներկայացվեն թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Գյումրիում ու Վանաձորում:

Ցուցաշարում ընդգրկված մյուս ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Ամբողջական ծրագիրը կարող եք գտնել այստեղ:

Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց «Մարդկային պատմությունների խճանկարի» շրջանակում նախատեսվում է երիտասարդ հայ վավերագրողների համար անցկացնել մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ, որը կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, ինչպես նաև տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:

«Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել, և հիանալի է, որ մեր հարգարժան հյուրերն այդքան շատ ժամանակ են անցկացնելու երիտասարդ հայ ռեժիսորների հետ: Նպաստելով նրանց հմտությունների կատարելագործմանը՝ մենք հուսով ենք, որ կինոարվեստի նոր սերնդի հայաստանյան գործիչները կկարողանան առավել վստահ ներկայացնել իրենց պատմությունները հայ ու միջազգային հանդիսատեսին», - ասել է դեսպան Միլսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցադրման ծրագիրն աշխատում է 35-40 ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսարանի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---