Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6%

PanARMENIAN.Net - 2017 թ. փետրվարի 14-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2016-ի ընթացքում իջեցվել էր 8 անգամ:

ԿԲ-ի փետրվարի 14-ի որոշման հիմնավորման մեջ ասված է, որ 2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ 2016-ի նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%:

Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների:

Նշվում է, որ նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ: Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները:

ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ: Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. փետրվարի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրում):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---