ՀՔԾ. ԴԱՀԿ-ի աշխատակիցներն առանձնապես խոշոր չափերի գումար ու ոսկյա զարդեր են գողացել

ՀՔԾ. ԴԱՀԿ-ի աշխատակիցներն առանձնապես խոշոր չափերի գումար ու ոսկյա զարդեր են գողացել

PanARMENIAN.Net - Կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի և ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Շ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2016-ի դեկտեմբերին ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարող Արթուր Մ.-ն պահանջատեր Աղաջան Ս.-ի և երեք բանվորի մասնակցությամբ կազմակերպել է Գյումրի քաղաքում գտնվող իր տունն ապօրինի տիրապետությունից հետ վերցնելու կատարողական գործողությունները, որի ժամանակ տեղահանվել է Գայանե Շ.-ին պատկանող գույքը:

Վերջինիս հաղորդման համաձայն` կատարողական գործողություններն իրականացնող հիշյալ անձինք, օգտվելով իր բացակայությունից, հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության` 90 գրամ քաշով ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---