Բարեգործական ակցիայի մասնակից հաղթողները կհրավիրվեն «Խոստում» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային

Բարեգործական ակցիայի մասնակից հաղթողները կհրավիրվեն «Խոստում» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ստեղծողների հետ համատեղ բարեգործական ակցիա է կազմակերպել ֆիլմի պրեմիերային ընդառաջ:

«Ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր ուղեգորգով, կայցելեք VIP երեկույթը: Ավիատոմսերն ու հյուրանոցը մենք վերցնում ենք մեզ վրա: Ուրեմն ի՞նչ...միանո՞ւմ եք»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին մասնակցելու համար ցանկացողները պետք է որոշակի գումար նվիրաբերեն և համապատասխան տոմսակ ստանան՝ խաղարկությանը մասնակցելու համար:

Ակցիան անցկացվում է Հայ ընդհանուր բարեգործական միության (The Armenian General Benevolent Union - AGBU) հետ համատեղ Omaze.com առցանց ծառայությունում:

Նշվում է, որ ամբողջ գումարը կուղղվի Սիրիայի և Իրաքի պատերազմներից տուժած և հակամարտության գոտիներում ապրող հազարավոր հայ ընտանիքներին:

Հաղթողներն անվճար ավիատոմս կստանան դեպի Լոս Անջելես և 4-աստղանի հյուրանոցում բնակվելու հնարավորություն, ինչպես նաև «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրության հրավիրատոմս լեգենդար Grauman կինոթատրոնում: Հրավիրյալները կկարողանան հանդիպել նաև Անժելա Սարաֆյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին:

«Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---