Նալբանդյանը Երուսաղեմում մասնակցել է Քրիստոսի գերեզմանի նորոգմանը նվիրված արարողությանը

Նալբանդյանը Երուսաղեմում մասնակցել է Քրիստոսի գերեզմանի նորոգմանը նվիրված արարողությանը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում է ունեցել պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։

Այնուհետև Նուրհան պատրիարքի և նախարար Նալբանդյանի առաջնորդությամբ հայկական թափորն ուղևորվել է Սուրբ Հարության տաճար, ուր տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ գերեզմանի վերանորոգմանը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ում գրել է, որ Սուրբ Հարության տաճարում հնչել է hայկական հոգևոր երաժշտությունը:

Արարողությանը ելույթներով հանդես են եկել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսը, Հունական ուղղափառ եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թեֆոիլոս երրորդը, Կաթոլիկ եկեղեցու ֆրանցիսկանների ուխտի Երուսաղեմի առաջնորդ Ֆրանչեսկո Պատոնը։ Ընթերցվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը։

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը:

Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկել էին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---