ՕՐՕ. Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի

ՕՐՕ. Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի

PanARMENIAN.Net - ՊԲ նախկին հրամանատար և «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի: Այդպիսի հայտարարությամբ են հանդես եկել ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը:

«Այսօր ՀՀ ԱԱԾ–ի կողմից բերման է ենթարկվել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։ Իշխանությունների այս քայլը կանխատեսելի էր։ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ կազմակերպված ակնհայտ սադրանքը, ինչպես նաև դաշինքի շտաբների և պատգամավորության թեկնածուների նկատմամբ զանգվածային բնույթ կրող ճնշումները նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածելու և խոչընդոտելու մեր աշխատանքները»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:

ՕՐՕ դաշինքի հիմնադիրների խոսքերով, «որոշ գործիչների միջոցով, ինչպես նաև բացահայտ և քողարկված իշխանամետ լրատվամիջոցներով, օրեր շարունակ նախապատրաստվում էր Սամվել Բաբայանի դեմ քայլը»։

«Մենք իշխանությունների այս վարքագիծը գնահատում ենք որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելուն և ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է իր բնականոն աշխատանքները։ Չենք տրվելու սադրանքների։ Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները և համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Օհանյանը, Հովհաննիսյանը և Օսկանյանը կոչ են անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել Բաբայանի հետ կապված գործը, «որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և ուղղված է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ»։

«Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։

Կոչ ենք անում մեր հանրությանը, յուրաքանչյուր քաղաքացու այս դեպքից հետո անել համապատասխան հետևություններ, ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին, համախմբված ձևով հանդես գալ փոփոխությունների օգտին ու ապրիլի 2–ին ձևավորել նոր իշխանություն»,- նշում են ՕՐՕ դաշինքի հիմնադիրները։

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

ԱԱԾ-ի համաձայն՝ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---