Սարգսյան. «Իսկանդերի» համազարկի հրաման տալուց աչքս չի թարթելու

Սարգսյան. «Իսկանդերի» համազարկի հրաման տալուց աչքս չի թարթելու

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին եղել է ՊԲ զորամասերից մեկում, որտեղ Մարտական ծառայության մեդալով է պարգևատրել առայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ կան:

Ելույթ ունենալով հավաքվածների առջև, Սարգսյանն անդրադարձ է կատարել քառօրյա պատերազմին, կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու 2018 թվականից` նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո իր ծրագրերին:

«Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միևնույնն է վտանգը չի նվազելու», - նշել է նա։

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն», - ասել է Սերժ Սարգսյանը։

Խոսելով քառօրյա պատերազմի ընթացքում տարածքային կորուստների մասին նա նշել է, որ պատերազմի ավարտին համաձայնվելիս հայկական կողմը գիտեր, որ «մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել»։ «Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ», - նշել է նա։

Խոսելով 2018-ից հետո իր անելիքների մասին, նախագահը նշել է, որ երբեք չի պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ է լինելու։ «Չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ», - ասել է նա։

Սարգսյանն անդրադարձել է նաև ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: «Ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---