Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի հերթական հակաիրանական հայտարարությանը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի հերթական հակաիրանական հայտարարությանը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների հերթական հակաիրանական հայտարարությանը: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ տարբեր երկրներից Իրանում հաստատված մոտ 3 միլիոն գաղթականների ալիքը շարժվում է դեպի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա:

ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, արձագանքելով Թուրքիայի փոխվարչապետի սույն հայտարարությանը և Ստամբուլում նախագահ Էրդողանի ունեցած ելույթին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը շարունակում է Իրանի հասցեին անհիմն հայտարարություններ հնչեցնել. Ինչ վերաբերում է գաղթականներին, ապա Իրանը 30 տարուց ավել է, ինչ տարբեր երկրներից միլիոնավոր գաղթականների է ընդունում: Թուրքիան պետք է Իրանից սովորի, թե ինչպես է Իրանը վարվել գաղթականների հետ և մարդասիրական հարցերը քաղաքական նպատակով այլ երկրների նկատմամբ չի օգտագործել», գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի հնչեցրած հակաիրանական հերթական հայտարարություններին, մասնավորապես ասել էր. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները կարծես թե վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և վատ հիշողություն ունեն, և անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, որոնք ընկերակցում են նրանց»:

Մինչև այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:

Այդ առնչությամբ Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվեց իրանական կողմի բողոքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---