Վարչապետ. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ կարող է գործ սկսել ՀՀ-ում

Վարչապետ. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ կարող է գործ սկսել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է լինի ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետություն, միջազգային հանրության համար հասկանալի՝ հիմնված ազգային արժանապատվության, ինքնության և ավանդույթների վրա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով սիրիահայերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերի մեծ դահլիճում հանդիպել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին:

Անդրադառնալով սփյուռքահայությանն ուղղված կոչին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ամենամեծ ներուժը և ամենաուժեղ կապիտալը մարդն է, և զարգացման ծրագրերի հիմքում հենց այդ գաղափարն է դրված: «Իմ կոչի նպատակն այն է, որ այն փորձը, ներուժը, որ ունեն սփյուռքահայերը, հաջողակ օրինակները՝ գիտնականները, կառավարիչները, բժիշկները, մշակույթի գործիչները, ուղղակի կարողանան մեզ փոխանցել, որովհետև այսօրվա արագ փոփոխվող և զարգացող աշխարհում դա չափազանց կարևոր է», - ընդգծել է կառավարության ղեկավարը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2017 թ. փետրվարի 27-ին վարչապետը դիմել էր սփյուռքահայությանը՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը մասնակից լինելու կոչով:

Իրենց ելույթներում սիրիահայերը ողջունել են Կարեն Կարապետյանի կոչը սփյուռքահայությանը՝ իրենց աջակցությունն ու մասնակցության պատրաստակամությունը հայտնելով Հայաստանի զարգացման ծրագրերին:

Կառավարության ղեկավարը սիրիահայերի հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին փոքր և միջին ձեռնարկատիրության խթանմանը, բիզնես ծրագրերին, գյուղատնտեսության ոլորտին, տնտեսության զարգացմանը և այլն:

Ներկայացնելով կառավարության բարեփոխումներն այս ուղղություններով՝ վարչապետը կարևորել է սփյուռքահայության ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի առաջընթացին ուղղված ծրագրերում: «Վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով Երևանում, Հայաստանում ծառայությունների բիզնեսի որակն էապես փոխվել է: Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել: Ձեր մեջ լավատեսությունը դեպի վաղվա օրը շատ վարակիչ է: Անպայման պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է ներդրում անել, գործ սկսել և իրեն ապահով զգալ», - նշել է Կարեն Կարապետյանը:

«Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով: Մենք գնում ենք փոփոխությունների և այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձև՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում և ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար:

Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար», - ասել է վարչապետը սփյուռքահայերին ուղղված կոչում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---