Հայաստանը խորհրդարան է ընտրում

Հայաստանը խորհրդարան է ընտրում

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-ին ՀՀ-ում բացվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը, և մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ընտրատեղամասերում ընտրողներին կտան մեկ ծրար և 9-ը քվեաթերթիկ. ավելի վաղ PAN-ը ներկայացրել է, թե ինչպես է պետք քվեարկել, որպեսզի քվեաթերթիկը չդառնա անվավեր:

Ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքացի` չհաշված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Ընտրություններից 10 օր առաջ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2.564.795 քաղաքացի:

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը: Բացի այդ, դիտորդական առաքելություն կիրականացնեն 49 տեղական կազմակերպություն, որոնք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ են, այդ թվում՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը:

Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 89 տեղական, իսկ ՀՀ ԱԳՆ-ում` 31 միջազգային լրատվամիջոց` մոտ 100 ներկայացուցիչով: Հայաստանում անցկացվող ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցների թվում են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Associated Press-ը, «Ֆրանսպրես» գործակալությունը, Ռուսաստանի առաջին ալիքը, «ՌԻԱ նովոստի» և ՏԱՍՍ գործակալությունները և այլն:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---