Բեյլ. ԱՄՆ նախագահները «ցեղասպանություն» չեն ասում Թուրքիայի ռազմավարական նշանակության պատճառով

Բեյլ. ԱՄՆ նախագահները «ցեղասպանություն» չեն ասում Թուրքիայի ռազմավարական նշանակության պատճառով

PanARMENIAN.Net - «Խոստումը» ֆիլմի հայտնի հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել են, որ մինչ ֆիլմում նկարահանվելը ոչինչ չեն իմացել Հայոց ցեղասպանության մասին:

Քրիստիան Բեյլն ասել է, որ ամենադրամատիկ տեսարաններից մեկը կապված է Օսկար Այզեկի հերոսի հետ: «Օսկարի կերպարի՝ Միքայելի ընտանիքի անդամներից ու համաքաղաքացիներից շատերը կոտորվել են, եվ մենք նկարահանման ժամանակ բախվեցինք այս ամենին: Տեսնել մարդկանց, հայերի, ովքեր ուղղակիորեն կապ ունեն այս իրադարձությունների հետ, ում տատիկ-պապիկները պատմել են ցեղասպանության մասին, բավականին ծանր էր»,-ասել է նա:

Ըստ նրա, ռեժիսոր Թերի Ջորջը հետաքրքիր ընտրություն է կատարել. «Հայոց ցեղասպանության փաստերն իսկապես դաժան են, սարսափելի բաներ էին այն ժամանակ կատարվում: Եվ նա ուզում եր, որպեսզի երիտասարդները դիտեն ֆիլմը, որպեսզի ֆիլմը պատմական բովանդակություն ունենար և կրթեր: Այս ֆիլմի պարագայում դա շատ կարևոր է»,-ասել է Բեյլը:

Նա հավելել է, որ դրա հետ կապված սոցիալական արշավ է սկսվել, որոշվել է ֆիլմի ամբողջ հասույթը նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին, որոնք փորձում են բացահայտել ցեղասպանությունները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ներգրավված են մարդու իրավունքներ պաշտպանության գործում:

«Մենք երբևէ ներգրավված չենք եղել այնպիսի ֆիլմում, որի ամբողջ հասույթը բարեգործական լիներ», - ասել է դերասանը:

Նա պատմել է, որ հաճախ մոտենում էր ռեժիսորին ու հարցնում, թե ինչու չի ներառում այսինչ բանը, որովհետև նոր բան էր իմացել, որը սարսափելի էր:

Դերասանը հավելել է, որ Ցեղասպանության ժամանակ ամերիկացիները շատ կարեկից եղան: «Նրանք ստեղծեցին աշխարհի ամենամեծ միջազգային հումանիտար օգնության ֆոնդը, հայերի համար, այսօրվա միլիարդավոր դոլարների համարժեք գումար հավաքեցին այդ ժամանակ»,-ասել է Բեյլը:

Ըստ նրա, երբ Աթաթուրքը եկավ իշխանության ( նա ներգրավված չի եղել ցեղասպանության մեջ) Օսմանյան կայսրությունը մեծ ռեսուրսներ ուներ, և մյուս երկրներն ուղղակի աչք փակեցին կարկանդակից մի կտոր ստանալու համար:

«Թուրքիան մինչ օրս էլ ռազմավարական նշանակություն ունի, ու այդ պատճառով ոչ մի գործող ԱՄՆ նախագահ չի արտաբերում ցեղասպանություն բառը: Իրականում մենք սկսել ենք ավելի շատ խոսել և այն ցեղասպանություն կոչել, և հուսով եմ՝ դա ամոքում կբերի», -ասել է Բեյլը:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Ընթերցեք նաև. The Hollywood Reporter. Թուրք «թրոլերը» տապալել են «Խոստումի» վարկանիշը

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---