ՀՀ-ում ուզում են «Նոյյան տապան» կառուցել

ՀՀ-ում ուզում են «Նոյյան տապան» կառուցել

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը:

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ առաջարկվում է մեկտեղել «հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար»:

Տապանը կառուցվելու է Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Ունենալու է այն տեսքն ու այն չափսերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում: Այն է` երկարությունը 300 կանգուն (132 մ), լայնությունը 50 կանգուն (22 մ), բարձրությունը 30 կանգուն (13.2 մ): Կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով:

«Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը: Ուստի պատմամշակութային, գիտակրթական այս համալիրն ունենալու է համամարդկային նշանակություն: Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը: Գտնվելով Հայաստանում, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Տապանում կկառուցվի 200 տաղավար, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեվորող տարբեր ցուցանմուշներ:

Համալիրը կունենա նաև գործառնական նշանակություն. իր 40 առանձնասենյակը կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Նրանում կլինեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Միաժամանակ կապահովի պետական-պաշտոնական գործառույթ. կունենա կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաև պետական նշանակության հանդիսությունների սրահներ:

Արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատի» տնօրեն Մարտուն Հարությունյանը:

Ծրագիրը ներկայացվելու է Կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման և շինարարական աշխատանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---