ԵԼՔ-ը՝ ընտրությունների մասին. Համատարած ընտրակաշառքներ, իրավապահների անգործություն

ԵԼՔ-ը՝ ընտրությունների մասին. Համատարած ընտրակաշառքներ, իրավապահների անգործություն

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքը 2017-ի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ արձանագրում է հետևյալը.

- Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:

- Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երևույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձանց կողմից:

- ՀՀ իրավապահ մարմիններն ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ:

Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ, ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:

- Ընտրակաշառքների բաժանման և ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:

- ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:

- ԵԼՔ դաշինքը արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունը իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած մոտ 70 հազար երևանցիների պատվիրակը և Երևանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից:

- ԵԼՔ դաշինքը ԱԺ-ում Երևանի ավագանիում իր գործունեության ընթացքում և ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երևույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ:

- ԵԼՔ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

ԵԼՔ դաշինքն ընդունել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 15-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում:

Ավագանու ընտրություններում դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ ինքնաբացարկ է ներկայացնելու և աշխատելու է Ազգային ժողովում:

Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---