«Ավրորայի» հերոսին կհայտարարեն մայիսի 28-ի երեկոյան

«Ավրորայի» հերոսին կհայտարարեն մայիսի 28-ի երեկոյան

PanARMENIAN.Net - «Ավրորա» մրցանակի 5 հավակնորդներց մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի դափնեկիր: Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի մարզահամերգային համալիրում:

Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև՝ մարդասիրական գործունեությունն աշխարհում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:Մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) «100 կյանք» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է 2015 թվականի մարտին Նյու Յորքում: Այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մեր ժամանակակիցը, որն անձնվիրաբար և բացառիկ ջանքերով օգնում է մարդկանց:

Այս տարի մրցանակի հավակնորդների թվում են՝

Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման՝ մայր և դուստր Սոմալիից, մարդու իրավունքների և խաղաղության համար են պայքարում՝ զբաղվելով երեխա զինվորականների վերականգնողական գործով:

Ջամիլա Աֆղանին Աֆղանստանից զբաղվում է աղջիկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությամբ: Նա «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար է, իր նախագծերում ներգրավում է նաև մահմեդական առաջնորդներին:

Մուհամադ Դարվիշը 26-ամյա դաշտային հիվանդանոցի բժիշկ է Սիրիայի Մադայա քաղաքում, որը Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին։ Բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

Դենիս Մուկվեգեն օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց։ Նա գինեկելոգ-վիրաբույժ է և Փանզի հիվանդանոցի հիմնադիր (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն):

Թոմ Քաթինա՝ վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ, տարիներ շարունակ միակ վիրաբույժն է Սոմալիի Նուբա լեռներում։ Իրականացնում է 1 տարեկան 1000 վիրահատություն և սպասարկում օրական ավելի քան 400 հիվանդի:

Հին Հռոմում Ավրորան արշալույսի աստվածուհին էր: Մրցանակը կրում է նաև Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հոր և եղբայրների սպանության ականատեսն է եղել: Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ է մնացել և աշխարհին պատմել 1915-ին տեղի ունեցած վայրագությունների մասին։ Նա իր կյանքը նվիրել էր Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն և 1919 թվականին նկարահանվել «Հոշոտված Հայաստան» ֆիլմում։

Նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի ազդեցությունը 3 ուղղությամբ. դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վեր հանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչև օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում; անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ, որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով հնարավորություն են տվել մարդկանց գոյատևելու և բարեկեցության հասնելու; կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր ունեցած համայնքներին և կազմակերպություններին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---