Դիվերսիա, թե մոլորված գյուղացի. Ինչ գերու մասին է խոսում Ադրբեջանը

Դիվերսիա, թե մոլորված գյուղացի. Ինչ գերու մասին է խոսում Ադրբեջանը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: PanARMENIAN.Net ը հավաքել է թեմայի վերաբերյալ դեռևս հայտնի բոլոր փաստերը:

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

Հունիսի 21-ին՝ ժամը 08։26, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, իբրև թե հունիսի 20-ի երեկոյան կանխել են Հայաստանի ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ. «Հայկական ուժերը նահանջել են, սակայն ադրբեջանական կողմը մեկին գերի է վերցրել»։

ՀՀ ու ԱՀ ՊՆ-ները հերքում են

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է հակառակորդի տարածած լուրը:

«Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել: Հայկական ԶՈւ-երը որևէ դիվերսիա չեն իրականացրել, առավել ևս որևէ զինծառայող չեն կորցրել»։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել.

«Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,- հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ականատեսների» խոսքով

Հունիսի 20-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, բժիշկ Խամիս Մասիմովը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի կողմից 50 տարեկան մի հայ տղամարդ անցել է Քեմեթլի գյուղ։ «Սահմանը անցած հայ քաղաքացին ձերբակալվել է բնակիչների կողմից։ Որոշակի ժամանակ անց, զինվորականները գալով, գերուն տարել են։ Մանրամասները ճշտում ենք։ Այսօր 3 զինվորականի գեներալի կոչում է տրվել։ Իրենց հյուրընկալության համար։ Մեր սահմանը մեր հարևանների համար միշտ բաց է։ Մենք տոլեռանտ ժողովուրդ ենք»։

ՀՀ Ոստիկանությունը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարել է, թե Նոյեմբերյանի ոստիկանության բաժնում որևէ քաղաքացու անհետ կորելու մասին հայտարարություն կամ հաղորդում չի եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---