Ինչով է վտանգավոր ամռան շոգն ու ինչպես դրան դիմակայել

Ինչով է վտանգավոր ամռան շոգն ու ինչպես դրան դիմակայել

PanARMENIAN.Net - Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ՝ առաջացնելով արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն), ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ: Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց աճում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Կենսագործունեությանն անհրաժեշտ կայուն ջերմաստիճան ապահովելու համար մի շարք օրգան-համակարգեր ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը: Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և խրոնիկ հիվանդություններով տառապող անձնինք:

Միաժամանակ, խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով շոգ եղանակին ավելանում է մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը:

Հունիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, սպասվում է բարձր ջերմային ֆոն: Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---