Բրազիլական դաշնամուրային երաժշտությունը՝ Հայկ Մելիքյանի նոր սկավառակում

Բրազիլական դաշնամուրային երաժշտությունը՝ Հայկ Մելիքյանի նոր սկավառակում

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին՝ 19:30-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը և Interpreted Figuration ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը՝ Embassy CD Series նախագծի շրջանակներում:

Interpreted Figuration սկավառակը նախագծում թվով հինգերորդն է: Embassy CD Series շարքը Հայաստանում ներկայացնում են դիվանագիտական ներկայացուցչությունները: Շարքը հասցրել է թողարկել լեհական, շվեյցարական, գերմանական, լիտվական երաժշտության ձայնասկավառակներ:

«Embassy CD Series նախագծի թվով հինգերորդ սկավառակը նվիրված է 20-րդ դարի և ժամանակակից բրազիլական դաշնամուրային երաժշտությանը: Embassy CD Series և 1900+ նախագծերը լայն ճանաչում են գտել հայ հանդիսատեսի և ունկնդրի առջև, քանի որ վերջիններս նպատակ ունեն ներկայացնելու Հայաստանում տարբեր ազգերի դաշնամուրային երաժշտությունը, որոնցից շատերը, ի դեպ, Հայաստանում հնչում են առաջին անգամ, ինչպես նաև կոմպոզիտորական այդքան տարբեր դպրոցները»,- մասնավորապես ասել է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Interpreted Figuration սկավառակը ներառում է բրազիլացի 20-րդ դարի և ժամանակակից խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց թվում են Հեյտոր Վիլա-Լոբոսի, Էնրիկե Օսվալդի, Ռադամես Գնատտալիի, Օսվալդո Լասերդայի պիեսները, Էռնստ Մալեի և Կամարգո Գվարնիերիի Պոնտեյոները, ինչպես նաև Էդսոն Զամպրոնիայի Interpreted Figuration պիեսը: Սկավառակի ներածական երաժշտագիտական խոսքի հեղինակն է արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր Կարինե Ջաղացպանյանը:

Համերգից հետո, հուլիսի 18-ին սպասվում է Հայկ Մելիքյանի մենահամերգը Իտալիայի Սան Լեո քաղաքում կայանալիք San Leo International Classical Music Festival-ի շրջանակներում, որտեղ հանրահռչակ դաշնակահարը կներկայացնի Հայաստանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---