ԶԼՄ-ներ. Իսրայելն ուզում է, որ ԱՄՆ-ն վերահսկի ապառազմականացման գոտին Սիրիայի հարավում

ԶԼՄ-ներ. Իսրայելն ուզում է, որ ԱՄՆ-ն վերահսկի ապառազմականացման գոտին Սիրիայի հարավում

PanARMENIAN.Net - Իսրայելը դեմ է, որ ռուսական զորքերը վերահսկեն ապառազմականացման ենթակա գոտին, որը նախատեսվում է ստեղծել Սիրիայի հարավում, և խնդրում է, որ այդ առաքելությունը ստանձնի ԱՄՆ-ն: Այդ մասին գրել է իսրայելյան «Հաարեցը»:

Ըստ պարբերականի, Երուսաղեմում ընդհանուր առմամբ դրական են գնահատում Սիրիայի հարավում ապառազմականացված գոտու ստեղծման գաղափարը, քանի որ դա թույլ կտա կասեցնել մարտական գործողությունները Իսրայելի սահմանի հարևանությամբ և թույլ չի տա, որ այնտեղ հայտնվեն Իրանի, լիբանանյան Հեզբոլլահի կամ նրանց կողմից վերահսկվող շիաների ոստիկանական ուժերը, որոնք Ասադի կողմից են կռվում:

Ըստ պարբերականի, Իսրայելը կգերադասեր, որ կրակի դադարեցումը հարավային Սիրիայում ապահովեն ամերիկյան զորքերը: ԱՄՆ վարչակազմը դիտարկում է այդ գաղափարը, սակայն որոշում դեռ չի կայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ պարբերականի, ապառազմականացված գոտիների մասին բանակցություններն ընթանում են ՌԴ, ԱՄՆ և Հորդանանի միջև: Իսրայելն ակտիվ մասնակցություն չունի, սակայն իրազեկված է երկխոսության ընթացքի մասին և աշխատում է համակարգել իր դիրքորոշումը ամերիկացիների հետ:

Իսրայելը չի ցանկանում մասնակցել ապառազմականացմանը Սիրիայի հարավում, պահանջում է, որ բանակցություններն այդ մասին ընթանան Աստանայի գործընթացի շրջանակներից դուրս, և պնդում է, որ պայմանավորվածության արդյունքում բացառվի իրանամետ ուժերի տեղակայումը սահմանամերձ շրջաններում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, թե Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրել Սիրիայի հարցում, որը չի նախատեսում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը և ենթադրում է առավել սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, այդ թվում ռազմական ոլորտում:

Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները` թույլ չտալով այնտեղ քրդական պետություն ստեղծել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---